Գրեթե երեսուն տարում այդպես էլ չազատվեցինք մարդ փոխելու արատավոր սովորույթից։ Չենք հասկանում, որ առանց հիմնարար արժեքային փոփոխության և հստակ հիմնարար ծրագրային դրույթների բոլոր փոփոխությունները ապազգային են և հակապետական։
Ահա այսպիսի մի անիմաստ քննարկում է ընթանում, որին ստիպված եմ անդրադառնալ, թեև համոզված եմ, որ այն հերթական մի փրփուր է ու վաղ թե ուշ մարելու է։
Նախ, որքան էլ զարմանալի է, Հայ առաքելական եկեղեցին սիրողները կամ հետևորդները բաժանվել են երկու հակադիր խմբի, թեև սերը միավորող է և ոչ բաժանարար։ Սիրելինե՛րս, ցավալիորեն մոռանում ենք, թե իրականում ով է հիմնադրել հայոց սրբազան գահը. առաքյալներից հետո նրանց ուղարկող տեր Աստված, որը հետո հենց ինքն էլ հաստատեց ոսկյա մուրճով։ Այս խոսույթում բացակայում է հետևյալ հարցումը. ինչպիսի՞ բարեփոխում է նախատեսել Բարձրյալը։ Դա, ցավոք, մարդկային ու զգայական սահմանափակ պատկերացումների մասին է վկայում, ինչը միայն վնասակար է և երբեմն կարող է նույնիսկ հանգեցնել աղետի։
Ինչո՞ւ հիմա և այսպես հետևողականորեն, երբ մեր սահմանների, մեր ինքնության, մեր պատմության ու մշակույթի դեմ ոտնձգությունների հանդիման նույն ուժի կողմից չկա այսպիսի տեսանելի ու վճռական պայքար։ Սա խիստ մտահոգիչ է և առհասարակ կապ չունի ուխտի խախտման, սրտացավ կատարվող բարեփոխման, առավել ևս՝ մեծ աստվածային ողորմության հետ։ Տա՛ Աստված, որ կարողանանք հաղթահարել այս մարդածին վարդապետությունից բխող մեծ վտանգը:
Վանո Դադոյան